Սահմանադրական փոփոխություններ. «Սատանան մանրամասների մեջ է»
Անգլերենով այսպիսի ասացվածք կա. «սատանան մանրամասնություններում է գտնվում» (“the devil is in the details”): Այսինքն՝ խոսքերը սիրուն են, բայց երբ բանը կա բուն գործին, ամեն ինչ կախված է այդ բուն գործը անելու ոճից: Ահավասիկ եւ այսպիսի հակազդեցություն Հայաստանի Հանրապետության սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:
Նախ, ի՞նչ է սահմանադրություն կոչեցյալը: Շատ չխորանալով քաղաքական տեսությունների (սատանայական մանրամասնությունների՞) մեջ, երկու գլխավոր դրույթ նշեմ: Առաջինը՝ սահմանադրությունը իրենից «հասարակական պայմանագիր է ներկայացնում. ժողովուրդը ինքը ինչ-որ մի մեխանիզմով իր ընդհանուր կամքն է արտահայտում այդ փաստաթղթին միջոցով: Ոչ թե որեւէ մենապետ կամ այլ օժտյալ անձ է քաղաքական կարգ հաստատում ու քաղաքական որոշումներ կայացնում, այլ՝ ընդհանուր ժողովուրդը: Երկրորդ՝ սահմանադրություններ իշխանությունն են բաշխում. ոչ թե մի անհատ կամ խումբ՝ անգամ քվեարկությամբ ընտրված, ամբողջ իշխանությունն են ձեռք բերում, այլ զանազան գործակալություններ, զանազան պաշտոնական մարմիններ զանազան գործառույթներ են իրականացնում՝ մեկը մյուսին հակազդելով, մեկը մյուսին հակակշիռ հանդիսանալով: Այդպիսով, ոչ մի անհատ կամ խումբ չի կարող լայնածավալ ազդեցություն ունենալ: