Արեւելահայերեն, Արեւմտահայերեն՝ հնչյունների, ձայների տարբերությունները
Բարեւ Ձեզ, ու շնորհակալություն այս նյութը դիտելու համար:
Ուզում եմ Ձեզ հետ կիսել Արեւելահայերենի ու Արեւմտահայերենի հնչյունների՝ ձայների, գլխավոր տարբերությունները:
Արեւելահայերենն ու Արեւմտահայերենը իրարից տարբերվում են ե՛ւ քերականության տեսանկյունից, ե՛ւ բառապաշարով: Սակայն, ես, որ հիմա Արեւելահայերեն քերականությամբ ու բառապաշարով եմ հաղորդակցվում, լինում է որ հնչյուններս, առոգանությունս միշտ չի բռնում, որով հետեւ բնիկ Արեւմտահայախոս եմ: Եւ ահա դա է առաջնային տարբերությունը Արեւելահայերենի ու Արեւմտահայերենի միջեւ՝ հնչյունները, լեզվի ձայները: Մինչեւ այս տեսանյութը վերջանա, հույս ունեմ որ կհասկանաք թե ինչպես Արեւմտահայախոսների հնչյունները կանոնավոր ձեւով են տարբերվում Արեւելահայախոսներից. այսինքն, պատահական բառբարայնություններ չեն դրանք, այլ՝ կանոնավոր տարբերություններ:
Փակագիծ: Կարելի է ուղղագրության մասին էլ երկու խոսք ասել: Արեւմտահայերեն գրելու համակարգն էլ է տարբեր, որով հետեւ Խորհրդային Միության ժամանակ Հայաստանում՝ ավանդական, մեսրոպյան ուղղագրությունը փոփոխության ենթարկվեց: Բայց, օրինակ, Պարսկահայության մոտ նույն Արեւելահայերենն է, սակայն նախախորհրդային ուղղագրությամբ, որով հետեւ Պարսկաստանը (Իրանը) Սովետական Միության մեջ չէր: Սակայն սա այլ նյութ է:
Փակենք փակագծերը ու նշենք, որ այն ինչ որ ներկայացվելու է այստեղ հիմնական հնչյունային տարբերություններն են Արեւելահայերենի ու Արեւմտահայերենի միջեւ, թեեւ հարկ է ավելացնել որ կան որոշ նրբություններ, լեզվաբանական հանգամանքներ, որոնց մասին չի խոսվելու: Այս տեսանյութը, մի թեթեւակի խորանալով, բայցեւայնպես՝ սովորական հայախոսի համար է նախատեսված:
Ուրեմն, գլխավոր տարբերությունը Արեւելահայերենի ու Արեւմտահայերենի միջեւ կայանում է այս հինգ տառերի եռյակի մեջ: Դասավորելով իրենց ըստ երեք սյուների, Արեւելահայերեն հնչյունով՝ առաջին սյան տակի տառերը լեզվաբաններ «խուլ» կանվանեին, երկրորդը՝ «շնչեղ», ու երրորդը՝ «ձայնեղ»: Սրանք եզրույթներ են, պարզապես, որ սովորական Արեւելահայախոսի համար այնքան էլ պետք չեն, որով հետեւ այս տասնհինգ տառերը համենայն դեպս ունեն տասնհինգ առանձին-առանձին ձայն Արեւելահայերենում:
Հիմա լատինատառ-անգլիատառ է նշվելու հնչյունները, ձայները, որպեսզի հետո շփոթություն չառաջանա երբ անցնենք Արեւմտահայերենին:
Ուրեմն, ինչպես գիտեք, Արեւելահայերեն հնչյունով, այս տառերն են.
[p], [ph], [b]
[k], [kh], [g]
[t], [th], [d]
[ts], [tsh], [dz]
[ch], [chh], [j]
Խնդրում եմ հետեւեք, թե ինչպես յուրաքանչյուր շարքի ձայները իրար հետ ինչ-որ կապ ունեն: Կարծում եմ՝ պարզ է:
Անցնե՛նք Արեւմտահայերենին: Այստեղ լեզվաբանը կասեր որ առաջին սյան տառերը ոչ թե «խուլ» են, այլ «ձայնեղ»: Երկրորդը մնում է «շնչեղ»՝ ինչպես Արեւելահայերենում, իսկ երրորդը Արեւմտահայերենում ոչ թե «ձայնեղ» է, այլ՝ դարձյալ «շնչեղ»:
Ուրեմն ինչպե՞ս է հնչում Արեւմտահայախոսը այս տառերը: Այսպես.
[b], [ph], [ph]
[g], [kh], [kh]
[d], [th], [th]
[dz], [tsh], [tsh]
[j], [chh], [chh]
Մի անգամ եւս: Արեւմտահայերենում, այս տառերը կանոնավոր ձեւով, գրական լեզվով հնչում են.
[b], [ph], [ph]
[g], [kh], [kh]
[d], [th], [th]
[dz], [tsh], [tsh]
[j], [chh], [chh]
Գուցե մի քիչ արտասովոր է Արեւելահայախոսի համար սա բացահայտել, բայց այսպես են զարգացել մեր քույր լեզուները:
Եզրակացություններից մեկը այն է, որ Արեւմտահայերենում հինգ զույգ տառեր կան, որոնք ճիպուճիշտ նույն ձայներն ունեն, ինչպես հենց նոր տեսանք: Դրա համար է, որ Արեւմտահայ կրթության մեջ, տառերի անվանումները այնքան կարեւոր են: Հայաստանում «Այբ-Բեն-Գիմ-Դա» կամ «Այբ-Բեն-Գիմ-Դա» չի մտապահում դպրոցականը, որով հետեւ պարզապես ձայնով տառերը գրեթե միշտ կարելի է տարբերակել: Ի տարբերություն դրան, Արեւմտահայախոսը պետք է կարողանա այս տառերը իրենց անուններով կոչել, ասենք գրություն թելադրելիս:
«Փյուր» կամ «Բեն»
«Քե» կամ «Գիմ»
«Թո» կամ «Դա»
«Ցո» կամ «Ձա»
«Չա» կամ «Ջե»
Նաեւ նկատենք, որ Արեւելահայերենի երրորդ սյան ձայները, Արեւմտահայերենի առաջի՛ն սյան հետ են համընկնում:
Արեւելահայերեն [b], Արեւմտահայերեն [b]
Արեւելահայերեն [g], Արեւմտահայերեն [g]
[d]՝ Արեւելահայերենում, [d]՝ Արեւմտահայերենում
[dz]՝ Արեւելահայերենում, [dz]՝ Արեւմտահայերենում
Արեւելահայերեն [j], Արեւմտահայերեն [j]
Սա արդեն շատ խառը եղաւ, չէ՞: Մխիթարվենք, որ գոնե երկրոդ սյունը՝ «շնչեղ»-ները, ամբողջովին համընկնում է. [ph], [kh], [th], [tsh], [chh]՝ երկուսի մոտ էլ:
Առաջին սյունը, սակայն՝ Արեւելահայերենի «խուլ» ձայները, ամբողջովին բացակայում են Արեւմտահայերենում: Շատ ու շատ Արեւմտահայախոսներ չեն էլ կարողանում ընկալել [p], [k], [t], [ts], [ch] ձայները: Իրենց ականջները սովոր չեն դրանց, դժվարանում են այդ ձայները անգամ լսել:
Ահա եւ սրանք էին գլխավոր ու կանոնավոր, ձայնային, հնչյունային տարբերությունները Արեւելահայերենի ու Արեւմտահայերենի միջեւ:
Կա նաեւ այս երկու տառերի հանգամանքը: Արեւմտահայերենում երկուսն էլ նոյնպես, Ր-ի նման են արտաբերվում: Դրա համար էլ Արեւմտահայախոսը պետք է իմանա որ ձախինը «ռա» է կոչվում, իսկ աջինը՝ «րե»:
Այստեղ կուզեի շեշտել որ Արեւելահայերենն ու Արեւմտահայերենը քույր Հայերեններ են: Այնպես չէ որ մեկը «ճիշտ» կամ մյուսը «սխալ» է: Յուրաքանչյուրը ուրույն լեզու է: Ինչքան էլ բարդ կամ շփոթեցնող լինի, Հայերենի ամբողջական ժառանգությունը, մասամբ գոնե, այս ճոխության ու հարստության մեջ է կայանում:
Այդ հարստությամբ էլ մի շարք հետեւանքներ են ի հայտ գալիս: Մեկը՝ օտար լեզուներով տառադարձությունն է:
Վերցնելով օրինակ այս զբաղվածությունը, կտեսնենք որ Արեւելահայախոսն ու Արեւմտահայախոսը իրարից տարբեր կհնչեն այն: Ուստի, նաեւ, ասենք, Անգլերենով տարբեր կգրեին այն եթե, օրինակ, լիներ դա մեկի ազգանունը: Ու, արդյունքում՝ վերադառնալով Հայերենին, Արեւմտահայ արմատներ ունեցող ոմն Քիմի իսկական Հայերեն անունը կարող է ոչ այնքան ճշգրտորեն արտահայտվել հենց այդ լեզվի հայրենիքում:
Մեկ այլ օրինակ եթե վերցնենք, կտեսնենք որ Արեւելահայերեն հնչյունները գրեթե միշտ, քիչ թե շատ համընկնում են այլ՝ դասական լեզուների հնչյունների հետ, ինչպես օրինակ Աստուածաշնչյան հատուկ անունների պարագայում:
Կա սակայն գոնե մեկ բառ, ինչքան ես գիտեմ, որի դեպքում Արեւմտահայերեն հնչյունն է, որ համընկնում է օտար լեզվի հետ: «Պարոն» տիտղոսը Կիլիկյան Հայաստանից է ծագում, ուր ենթադրաբար Հայերենը այսօրվա Արեւմտահայախոսների նման էր խոսվում:
Արեւմտահայերեն հնչյուններն էլ ժամանակին հիմք էին հայատառ Թուրքերեն գրելու համար, ինչպես նաեւ այլ լեզուներ՝ հազվագյուտ դեպքերում: Դրա համար էլ Թուրքերեն արմատներով ազգանուններ՝ հայերի մոտ, կարող են իրար չհամապատասխանող ձեւերով գրվել այսօր:
Օրինակ, «վանդակագործ»՝ “kafesci” բառը, Արեւելահայերենով մեկ կամ երկու ձեւ կարող է գրվել, ինչպես նաեւ Արեւմտահայերենով: Բայց հայատառ Թուրքերենի ավանդությամբ, «Գաֆէսճեան» ազգանունը այս ձեւն է ստացել: Ուստիեւ Երեւանի կենտրոնում գտնվող մի հանրային վայրի հատուկ անվան այս գրությամբ հանդես գալը:
Այսպես, ուրեմն. Արեւելահայերեն, Արեւմտահայերեն՝ մեր քույր լեզուները իրար հետ կիսելիք բաներ ունեն: Փորձելով մի քիչ ջանք թափել՝ իրար շատ ավելի հասկանալի կարող ենք դառնալ:
Շնորհակալությո՛ւն: